Ռուսական քաղաքականության վերլուծությունը երբեք հեշտ գործ չի եղել: Ռուսաստանում Սարդինիայի թագավորության դեսպան Ժոզեֆ դե Մեստրը, ապշած կոմս Արակչեևի սրընթաց վերելքից, 1808-ին գրում է գործընկերոջը Վիեննայում, որ միանգամայն մոլորվել է՝ «հանկարծ, ասես, գետնի տակից» հայտնվում է Արակչեևը, թագավորը նրան ռազմական նախարար է նշանակում, հետո Արակչեևն ինքն իրեն նշանակում է բանակի տեսուչ ու պահանջում թագավորի եղբորից՝ մեծ իշխան Կոնստանտինից (Ժոզեֆ դե Մեստրը նրան հարգալից անվանում է արքայազն) տեսչական ստուգման նախապատրաստել իրեն ենթակա գնդերը: Կոնստանտինը հաջորդ օրը զեկույցով ժամանում է Արակչեևի մոտ՝ ասելու, որ գնդերը պատրաստ են ստուգման, բայց Արակչեևը, նայելով ժամացույցին, նրան հետ է ուղարկում առանց զեկույցի ու ստուգման: «Ահա այսպես՝ ամեն ինչ շատ պարզ է»՝ զարմանքով եզրափակում է Ժոզեֆ դե Մեստրը: Արքունական ինտրիգներ, կարիերային թռիչքներ ու անկումներ, լրտեսումներ մայրաքաղաքի փողոցներում: Կոմս Արակչեևը 1823-ին իր օգնական Բատենկովի հետ Ֆոնտանկայի ափամերձ այգում զբոսնելիս մատով ցույց է տալիս քաղաքացիական հագուստներով տեղամասային տեսուչին, ում Պետերբուրգի ռազմական նահանգապետ Միլորադովիչը հրամայել է հետևել կոմսին: Շփոթված տեղամասայինը թաքնվում է նպարեղենի խանութում: Երկուսն էլ՝ և Արակչեևը, և Միլորադովիչը, 1812 ու 1813-ի հերոսներ են, արքունիքի անդամներ ու թագավորի վստահված անձինք: Տեղամասայինների շեֆ, պոլիցմայստեր Չիխաչովը, ժամանակակից լեզվով Ներքին գործերի պետական վարչության պետի տեղակալը, «սովորաբար հաճոյանում ու դավաճանում էր երկու կողմերին էլ»՝ հավելում է Բատենկովը: Անգամ վեցնոցը այս գլխիվայր շրջված աշխարհում ինչ-որ պահի կարող է ինքնուրույն ու պատմական դեմք դառնալ՝ 1826-ին հենց Չիխաչովն է Պետրոպավլովյան ամրոցում կարդում մահապատժի հրամանագիրը ու ղեկավարում Բատենկովի համախոհների մահապատիժը Գաղտնի ընկերության գործով:
Արակչեևի լկտիությունը մեծ իշխանի նկատմամբ չի տեղավորվում եվրոպացի Ժոզեֆ դե Մեստրի գլխում, նրա համար մեծ իշխան Կոնստանտին Պավլովիչը արքայազն է ու վերջ: Իսկ Արակչեևի համար մեծ իշխանն ինչ-որ բոլորովին այլ էություն է, ում կարգավիճակը ոչ միայն փոխվում է, այլև շատ արագ է փոխվում: Ինչպես 200 տարի առաջ, այսօր էլ նկարագրության լեզուն չի հասցնում ռուսական քաղաքականության մուտացիաների հետևից: Իշխանության նշանակումով՝ միմյանց վրա շարված, փոխներթափանցած, հարյուրավոր շահերով ու կոնֆլիկտներով իրար շաղկապված կլանները, ընտանիքները, կողմնակիցների խմբերը, աղանդները, գործընկերային ու հովանավորչական ցանցերը չեն տեղավորվում մի քանի դասական տարբերությունների պրոկրուստյան մահճում, որոնցով ուսումնասիրողին ապահովում է քաղաքական գիտության զինանոցը:
Քաղբյուրո 2.0
Նման «սնդիկային» պատկերի հետ աշխատելու երկու տարբերակ կա: Առաջին՝ հրաժարվել բուն մտքից, որ կարելի է ինչ-որ օրինաչափություն գտնել, կարելի է տարբերել գործող անձանց ու պասիվ համապատկերը: Իսկ հետո անձանց ու համապատկերը շպրտել ինչ-որ ագրեսիվ, ամենակուլ զանգվածի մեջ, որ դարեր ի վեր հակադրվում է խելամիտին, բարուն ու հավիտենականին: Այդ որոշումն ամենալավն է դրսևորում «լևիաթան» բառի օգտագործման հաճախականությունը (Թոմաս Հոբսի «Լևիաթանի» հետ այդ բառը իրականում ոչ մի կապ չունի) կամ «գորշ զանգվածի» պես բառակապակցությունների՝ լիբերալ դիսկուրսով:.
Երկրորդ միջոցը ազատ հայեցարկաստեղծմանը տրվելն է, մշտապես լրացնելով դիտարկման ու նկարագրման գործիքակազմը նոր հասկացություններով, որի մեթոդոլոգիական մաքրությունը, գուցե, կասկածելի է, փոխարենը արդյունավետությունը կարելի է էմպիրիկ ստուգման ենթարկել: «Քաղբյուրո 2.0» եզրույթը, որ շրջանառության մեջ է դրել Եվգենի Մինչենկոյի «Մինչենկո կոլսալտինգը» 2012-ին (այս շաբաթ հրապարակվեց հինգերորդ՝ հոբելյանական զեկույցը), այնպիսի հասկացություններից է, որ ի վիճակի են մի քանի տարի շարունակ իշխանական խաղի պատկերը արտահայտել: Հրաժարվելով «կոլեկտիվ Պուտին» այլաբանությունից՝ «քաղբյուրո 2.0» զեկույցների շարքի հեղինակները փոխարենն առաջարկեցին այլ այլաբանություն՝ տեղաբաշխված իշխանության ցանցը իբրև սովետական քաղբյուրո: «Քաղբյուրո 2.0»-ի անդամները նիստերի չեն հավաքվում Կրեմլի Սենատի պալատի Ընկուզե դահլիճում, իբրև ինստիտուտ ոչ մի «քաղբյուրո 2.0» գոյություն չունի, բայց հասկացությունն ունի բովանդակություն: Խոսքը Ռուսաստանի առավել ազդեցիկ ու ինքնուրույն ուժի կենտրոնների մասին է, ամենահզոր իշխանավորների ու բիզնեսմենների ակումբի, որ ունի նախագահ Պուտինի վստահությունը, առավել մասշտաբային խմբերի, էլիտար կոալիցիաների՝ տխրահռչակ «քաղբյուրոյի» հովանավորության տակ: Կոպիտ ասած՝ Վլադիմիր Պուտինի ձեռքի տակ գործող կառավարման ամենախոշոր հանգույցների մասին: «Քաղբյուրո 2.0»-ը չի բացառում այլ հանգույցների գոյությունը, տարբերությունը մասշտաբի, «անխորտակելիության», շահագործվող ռեսուրսների ու դրույքների քանակի մեջ է:
«Քաղբուրո 2.0»-ի կազմից դուրս մնալու ու նոր անդամներով համալրման դինամիկան ըստ էության պետք է արտացոլի հիմնական քաղաքականության տատանումները, բայց ամեն ինչ հակառակն է: Քաղաքականություն՝ Կրեմլի ռազմավարության իմաստով Ռուսաստանում չկա 2011-ից, ռազմավարության փոխարեն կա «քաղբյուրո 2.0»-ն՝ իբրև սուպերուժերի գումար, որ արդյունքում հավաքվում են մեկ իրավահավասար գործող ուժի մեջ:
«Քաղաքական կուրսը» վազում է «քաղբյուրո 2.0»-ի կազմի տատանումների հետևից: «Քաղբյուրո 2.0»-ի կազմում 2013-ին պաշտպանության նախարար Շոյգուի ներգրավումը ինչ-որ իմաստով կանխատեսում էր արտաքին քաղաքականության ռազմականացում (թեպետ ռազմականացման ուրվագծերն ավելի վաղ էին ի հայտ եկել): 2016-ին Իվանովի հեռացումն ակնարկում էր պետերբուրգյան վերնախավում կադրային փոփոխությունների սերիա, որ սկսվեց անցյալ տարվա ամռանը և շարունակվում է մինչև հիմա:
Այնուամենայնիվ, «քաղբյուրո 2.0»-ի հետ միշտ եղել են խնդիրներ, դժվարություններ, որոնք մինչև ինչ-որ պահ կարելի էր անտեսել: Խնդիրներից մեկը անձանց երկու տեսակների ակնհայտ չդասավորվածությունն է «քաղբյուրո 2.0»-ում: Դմիտրի Մեդվեդևի, Սերգեյ Սոբյանինի, Սերգեյ Շոյգուի պես խաղացողների կողքին եղել են ուրիշները՝ Արկադի Ռոտենբերգ, Գենադի Տիմչենկո, Յուրի Կովալչուկ: Առաջինները պետական այրեր են, նրանց ուժը ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան (ավելի ճիշտ՝ ոչ միշտ) Պուտինին մերձ լինելու մեջ է, որքան իրենց պաշտոնի ու դիրքի: Երկրորդները նախագահ Պուտինի մերձավոր շրջապատի ձեռներեցներ են այն «երկու հրեան ու մի խախոլը», ում մասին նախագահը խոսում էր 2014-ի հունիսին Պետերբուրգի տնտեսական համաժողովում: Ֆինանսական ռեսուրսների տեսակետից՝ Ռոտենբերգը և նույնիսկ բոլոր Ռոտենբերգները միասին ավելի մանր են ելցինյան զինակոչի օլիգարխներից: Վարչական, իշխանական իրավասությունների տեսակետից՝ նրանք անհամադրելի են վարչապետի, պաշտպանության նախարարի կամ Մոսկվայի քաղաքապետի հետ: Մերձավոր շրջապատի ուժը չի արտածվում արտաքին աշխարհ՝ առանց նախագահի միջամտության, առանց հարցի՝ «կա՞ն խնդրանքներ, պե՞տք է օգնություն»: Պետական այրերի ուժն արտածվում է: Հարց է՝ ցանկանու՞մ են նրանք կիրառել այս ուժը կամ ինչպե՞ս են ցանկանում: «Քաղբյուրո 2.0»-ում չի տեղավորվում ևս մեկ անձ՝ Իգոր Սեչինը: Նա կարծես երկու տեսակի ուժ ունի՝ իրենը, իբրև փոխվարչապետ, հետո՝ «Ռոսնեֆտի» ղեկավարի, միաժամանակ՝ և նախագահի ուժը, ինչպես Ռոտենբերգները, Տիմչենկոն ու Կովալչուկը: Սեչինը ոչ միայն «Ռոսնեֆտի» տնօրենն է, այլև, ինչպես մերձավոր շրջապատի մյուս անդամները, խնդրանքի իրավունք ունի, որը կկատարվի: Մինչև հրաժարականը այդպիսի անձ էր և Ռուսական երկաթուղու տնօրեն Վլադիմիր Յակունինը: Եթե «քաղբյուո 2.0»-ը երկրի ամենահզոր հովանավորչական ցանցն է, որ անձամբ նախագահն է գլխավորում, նախագահի բարեկամների ակումբը, «քաղբյուրո 2.0»-ից պետք է բացառել այլ, համեմատաբար մեկուսացած ցանցերի ղեկավարներին, որ ավելի մանր են, և ներառել Պուտինի, հասարակությանն անհայտ ու հայտնի բոլոր հաճախորդներին, որ ուղիղ մուտք ունեն նախագահի մոտ և նրան խնդրելու հնարավորություն, բայց ինքնուրույնության ու հրապարակայնության չեն հավակնում: Օրինակ, Եվգենի Պրիգոժինին, որ պաշտպանության նախարարության համար անում է նույն գործը, ինչ «Գազպրոմի» համար Արկադի Ռոտենբերգը: Եթե «քաղբյուրո 2.0»-ը երկրի կառավարման տարածական ցանց է, որ նախ և առաջ հենվում է պետական համակարգի առանցքային հանգույցների վերահսկողության վրա, նախագահի հաճախորդներին պետք է նրանից դուրս բերել ու տեղավորել այլ կառույցներում: Պաշտոնական իրավասությունների և նախագահի մոտ ոչպաշտոնական մուտքի անհամարժեքությունը սրվում, այլ ոչ թե ջնջվում է:
Կոնստանտին ԳԱԱԶԵ, Carnegie Moscow Center
(Շարունակություն)
Հ.Գ. ՈՒսումնասիրության հեղինակը, եթե նկատեցիք, ոչ մի բառ չի խոսում ժողովրդավարության մասին, կառավարման մոդելի: Ի՞նչ իմաստ ունի, թե Ռուսաստանը ինչպես է կառավարվում: Դեֆակտո Ռուսաստանում վերականգնվել է միապետությունը, բայց «ցար» Պուտինին անվանում են միայն ոչ պաշտոնապես, իսկ պաշտոնապես նա հիմա ընտրությունների պատրաստվող նախագահ է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ